ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Խաղը մոտենում է ավարտին

Խաղը մոտենում է  ավարտին
26.04.2013 | 01:25

Չնայած այն պնդմանը, որ քաղաքականությունը երկրորդ արհեստն է` առաջին հայտնիից հետո, բայց արի ու տես, որ իր դեպքում ևս որոշակի օրինաչափություններ են գործում: «Առաջ պոռալով` հետ-հետ երթալը», իշխանություն լինելով այլընտրանք «խաղալը», կոկորդ պատռելը կարող են լոկ ժամանակավոր էֆեկտ ապահովել: Հետո գալիս է «մարտ ամիսը` դարդ ամիսը», և ամեն բան գցում է իր տեղը:
Այո, այսօր, որքան էլ ցավալի կամ օրինաչափ, ԲՀԿ-ն հայտնվել է լուսանցքում: Հանգի՜ստ, հանգի՜ստ: ԲՀԿ հանդիպումներին մասնակցում է մի քանի հոգի, ԲՀԿ-ն այնքան ասելիք չունի, որ Օսկանյանը սկսել է Համաշխարհային բանկի «մազերը պոկել»` լավ իմաստով, մեկ այլ դեպքում էլ` պարոն Լոկին ցիտել: Ինչը նույնիսկ «երգով նահանջ» չէ: Իսկ նախորդ օրը Ծիծեռնակաբերդում Ծառուկյանի և ոստիկանության միջև տեղի ունեցած «միջադեպը», ինչպես ասում են, վերջն էր:
Վերջ առաջին մասի, ուսանող: Արձանագրելու, թե որքան սնանկ էին ԲՀԿ արգումենտներն ընդհանրապես, մարտավարական սխալները` մասնավորապես:
Մեկ հաստատ եզրակացությամբ. առանց իշխանությունների, առանց վերջիններիս թույլտվության հնարավոր չէ դառնալ «թե՛ կոմեդիանտ, թե՛ խաղկատակ» (խառնեցինք). հնարավոր չէ խաղեր տալ այնպես ու այնքան, որքան թույլ տրվեց մինչ այս ԲՀԿ-ին: Իշխանություններն այլևս չեն արձագանքում ԲՀԿ-ի` «լավ, էլի, մամ, մի քիչ էլ խաղամ» ընդդիմադիրոտ-այլընտրանքային պասաժներին, արդյունքում ԲՀԿ-ն վերածելով… կամուֆլյաժի:
Թողնելով ԲՀԿ-ին մենակ` իր նոր կարգավիճակի հետ, կատարենք հարցադրումը. ի՞նչ է, ի վերջո, կատարվում Հայաստանում` հետընտրական այս փուլում, բացի ավագանու ընտրություններից, որն էլ մեկնարկեց անչափ բարձր «դո»-ի վրա, ընդ որում և մասնավորապես` «սև փիարի» հազվագյուտ դրսևորմամբ: Ինչն էլ ընդամենը նախագահական ընտրությունների իներցիան էր: Եվ ուրիշ ոչինչ: Այնտեղ հիմա խոր պաուզա է, իսկ բուն քաղաքական պրոցեսն ընթանում է «տակից», չնայած այլևս շատ դժվար է այն բնորոշել որպես «կուլիսային»:
Խնդիրն առնչվում է Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանով ծայր առած գործընթացին, որը, կարծես թե, ձնագնդի թափ է հավաքում:
Բոլոր դեպքերում` բաց պահելով հարցը. դա համակարգային, այսքան երկար սպասված բարեփոխումների ազդա՞կ է, թե՞ պարզապես պրոֆիլակտիկ անզգայացման հերթական «դոզա»-ցուցանք, որը որևէ շարունակություն չի ունենա, օրորոցում էլ կմեռնի` դեռ չծնված, որովհետև շատ ծանր է օլիգարխիկ-բիզնես «ստրուկտուրայի» դեմ պայքարի «գլխարկը» կրելը, եթե չասենք` ուղղակի անհնար:
Եվ հետո` «ցանցն» անչափ ներշաղկապված է, ընդ որում, ներքին և արտաքին կապերով: Եվ գորդյան այդ հանգույցը սրով կտրելն ուղղակի անհնարինության ոլորտից է թվում: Այնուհանդերձ, երբ խոսվում է երկրորդ նախագահի «հետաքրքիր» կարողությունների, վերջինիս նկատմամբ ռուսական իրավապահ մարմինների ոչ պակաս «հետաքրքրության», Վարդանիկի` «քաղմաս» տարվելու, Ծառուկյանի` ոչ պատգամավորական «մուտքով» դուրս գալու (ինքն էս «սազիվում» մեկ ժամ պատգամավոր աշխատե՞լ է), ժողովրդի հետ կողք կողքի քայլելու «հրամայականի», Լուժկովի` Հայաստանում ծախսված «սև փողերի» ու նրանց տոկոսների մասին, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի «էթիկական հանձնաժողովի», Հովիկ Աբրահամյանի «շատ» ունեցվածքի մասին, այնուհանդերձ, հասկանալի է դառնում, որ ինչ-ինչ աննկատ վերադասավորություններ տեղի են ունենում:
Ի՞նչ վերջնարդյունքներով։ Կերևա։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3031

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն
Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն